«Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Սիսիանում կայացած հանրահավաքի ժամանակ ներկայացրել է Սյունիքի զարգացման հատուկ ծրագիրը՝ շեշետելով, որ իրենց ուժը մշակել է երկիրը վերափոխելու կոնկրետ տնտեսական լուծումներ։
Նա նշել է, որ չնայած Սիսիանը Հայաստանի ամենամեծ շրջանն է, այն վերջին տասնամյակների ընթացքում դարձել է երկրի ամենագործազուրկ տարածաշրջանը։
Կարապետյանի խոսքով՝ մարզերի և գյուղատնտեսության զարգացման նպատակով դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկը տեխնիկայի պարկի ստեղծումն է, որի միջոցով պետությունը գյուղացիներին անհատույց կտրամադրի անհրաժեշտ գյուղտեխնիկա՝ 140 000 հեկտար չօգտագործվող արոտավայրերն ու վարելահողերը մշակելու համար։ Սա թույլ կտա ապահովել երկրի պարենային անվտանգությունը՝ սեփական հացահատիկի և մսամթերքի արտադրության հաշվին։
Բացի այդ, «Ուժեղ Հայաստան»-ը նախատեսում է Սիսիանում հիմնել ապակու գործարան՝ օգտագործելով Սյունիքի հանքավայրերում առկա հումքի մեծ պաշարները, ինչը քաղաքում նոր աշխատատեղեր կստեղծի երիտասարդների համար։
Տնտեսական զարգացմանը զուգահեռ՝ նա հիշեցրել է, որ դաշինքն առաջարկում է ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի միջոցները կձևավորվեն պետության և Սփյուռքի գործարարների ներդրումներով՝ ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150 000 դրամ օգնություն տրամադրելու նպատակով։
Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է նաև վարչապետի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ Արցախի հայկական լինելը կասկածի տակ դնող խոսքերը վտանգավոր են և կարող են իրավական խնդիրներ ստեղծել այնտեղ ծառայած զինվորների համար։
«Եթե Հայաստանի կառավարիչը, կառավարությունն ասում է, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ուրեմն Արցախ զորակոչված, ժամկետային զինվորական ծառայություն անցած զինվորները քրեական հետապնդման կարող են ենթարկվել՝ որպես օտար երկրում զորակոչ անցած զինված խումբ։ Այ դրանով է վտանգ ներկայացնում իր այս հայտարարությունը։ Ա՛յ մարդ, մի՛ խոսիր Արցախից, տվել ես՝ մի՛ խոսիր, էլ վնաս մի՛ տուր»,- ասել նա։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Միքայելյանը, Սիսիանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ քաղաքական ուժը նախատեսում է տարեկան 25%-ով բարձրացնել մարզերի մանկավարժների և բժիշկների աշխատավարձերը։
Միքայելյանը հիշեցրել է «Ուժեղ Հայաստանը»-ի ծրագրի մասին, որը նախատեսում է սահմանել 0% հարկ փոքր բիզնեսի համար, երաշխավորել գյուղացիների բերքի մթերումը և պլանավորել է ստեղծել 300 000 նոր աշխատատեղ, որոնց զգալի մասը բաժին կընկնի Սյունիքի մարզին։
«Թույլ և աղքատ երկիրը չի կարող երբեք բանակցել հավասարը հավասարի դիրքից։ Թույլին ամեն տեղ խղճում են ու օգտագործում, իսկ ուժեղի հետ հաշվի են նստում։ Մենք ունենալու ենք ուժեղ պետություն, որը պաշտպանելու է իր սահմանները ոչ թե խոսքերով, այլ ուժեղ խաղաղությամբ ու դիվանագիտությամբ»,- ընդգծել է նա։
Հունվարին Կարապետյանը ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։
«Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:
Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






