«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ի՞նչ է առաջարկում շարժումը Հայաստանի ամենահարավային Մեղրիի շրջանում:
Կարապետյանի առաջարկները վերաբերում են քաղաքի համընդհանուր զարգացմանը, ներառյալ՝ էներեգետիկ բարտերի ծրագիր, լոգիստիկ նախագիծ և բնակարանային ներդրումներ:
«Մեղրին չունի այն խնդիրները, ինչ ունեն Հայաստանի մյուս շրջանները՝ ի դեմս գործազրկության և տնտեսական խնդիրների, և ապագա Հայաստանում նա ունենալու է շատ մեծ տնտեսական դեր: Ունենալով այսպիսի սահմանակից երկիր, ինչպիսին է Իրանը, այս տարածաշրջանը լինելու է միշտ հարուստ, զարգացող, և մենք այստեղ ունենք ոչ այնքան գործազրկության, որքան աշխատողների խնդիր»,- ասել է Կարապետյանը:
Բնակարանային ներդրումային նախագծեր
Շարժումն, առաջին հերթին, առաջարկում է Մեղրիում ստեղծել հատուկ բնակարանային ներդրումային նածագծեր, որպեսզի պետությունն աջակցի մարդկանց այն գոտիներից, որտեղ կա մեծ գործազրկություն, տեղափոխվել Մեղրու տարածաշրջան: Դա, Կարապետյանի համոզմամբ, կլուծի երկու հարց՝ անվտանգային և տնտեսական:
Էներգետիկ բարտերի ծրագրեր
Տնտեսությունը զարգացնող առաջարկներից առաջինը Մեղրիում էներգետիկ բարտերի ծրագիրն է, որի արդյունքում Հայաստանը ներմուծում է գազ, ասել է Կարապետյանը:
«Մեղրիում կստեղծվեն ջերմաէլեկտրակայաններ «Ման» ընկերության տեխնոլոգիաներով՝ մինչև 300 միլիոն դոլար ներդրումով, և գազը վերամշակելով՝ կկարողանանք այն վերավաճառել որպես էլեկտրականություն Իրանին: Հայաստանն այսօր դա անում է, բայց քանի որ օդային գծերը, տարողունակությունը քիչ է, առաջարկում ենք դա անել Մեղրիում, որպեսզի ո՛չ գազի, խողովակի, ո՛չ օդային գծերի խնդիր չունենանք»,- նշել է նա:
Երկրորդը կարևոր լոգիստիկ ծրագիրն է՝ հյուսիսը հարավին կապող, Պարսից ծոցը դեպի Սև ծով տանող, որի արդյունքում, ինչպես շեշտել է Կարապետյանը, Հայաստանը կկարողանա շատ արագ բեռներ հասցնել Պարսից ծոցից մինչև Սև ծովի ավազաններ:
Օգնել գյուղացիներին զարգացնել գյուղատնտեսությունը
Ներկայացնելով, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտավորապես 4-5000 տոննա արևադարձային կիվի տեսակի միրգ և 4-5000 տոննա լիմոն, 4000 տոննա էլ նուռ, նա առաջարկել է պայմաններ ստեղծել գյուղատնտեսության զարգացման համար:
«Մեր առաջարկն է ստեղծել գյուղատնտեսական գենպլան, առաջարկել գյուղացիներին շատ լավ պայմաններով ֆինանսավորում, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ այգիներ հիմնել և լուծել Մեղրիի ջրի հարցը՝ սարերից եկող ջրի համար կառուցել ջրամբար, ինչը կլուծի նաև բերքատվության հարցը: Մեղրիի զարգացման այս ծրագիրը դուր կգա մեր հայրենակիցներին և, վերջապես, իմ զոքանչը թույլ կտա ինձ վերադառնալ Երևան»,- եզրափակել է Կարապետյանը:
Կարապետյանը ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև հայտարարել էր, որ կկազմակերպի Գյումրիի տոնը։
Կարդացեք նաև՝

































