«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դիմել է իր կողմնակիցներին և կոչ արել համախմբվել և պաշտպանել հայոց ինքնությունը:
«Մենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) փչած փուչիկը։ Պարտավոր ենք համախմբել մեր ժողովրդին, հաղթահարել վախը, որ Ալիևն ու իր մարզպետը տարածել են հայ ժողովրդի վրա։ Մենք դա շատ շուտով անելու ենք միասին»,- հայտարարել է նա:
Կարապետյանը շեշտել է աղքատությունը հաղթահարելու, հայ ժողովրդին բարեկեցություն բերելու և Հայ Առաքելական եկեղեցին «Ալիևի և իր մարզպետի արշավանքներից» պաշտպանելու համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել հայոց ինքնությունը, բայց այդ պայքարում ինձ մենակ չթողնեք։ Դուք թե՛ դատարանների առաջ, թե՛ մեր հավաքներում ցույց եք տվել, որ միասին ենք։ Մենք մեր ժողովրդի հետ ենք, մեր սփյուռքի, Հայաստանի հետ ենք»,- ասել է նա:
Կարապետյանը կոչ է արել իր կողմնակիցներին չկասկածել հաղթանակի վրա:
«Մեկ ամիս ժամանակ ունենք, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք՝ հայ ժողովուրդը խեղճ չէ, հայ ժողովուրդը պարտվող չէ, միայն մի փոքրիկ խմբակ բերեց այդ պարտությունը։ Մեծ փոփոխությունները գալիս են»,- ընդգծել է դաշինքի առաջնորդը:
Մայիսի 3-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները։ Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







