Հայաստանն ունի սահմանափակ թվով առևտրային գործընկերներ, հետևաբար չպետք է ռիսկի տակ դնել նրանց հետ կապերը, Ազգային ժողովի (ԱԺ) շենքի դիմաց մեկնարկող «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրաշավի մեկնարկին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Այսպես նա արձագանքել է Armenia Today-ի հարցին, թե ինչպե՞ս կզգա ՀՀ քաղաքացին հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ազդեցությունը՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցի և պաշտոնական Երևանին հակառուսական քայլերի մեջ մեղադրանքով ՌԴ ԱԳՆ կողմից ՀՀ դեսպանին կանչելու ֆոնին։
«Մեր երկրի առևտրային գործընկերնեի հետ հարաբերությունների խաթարումը մարդկանց կզրկի աշխատանքային միգրացիայի հնարավորությունից։ Այն շրջաններում, որտեղ պետությունը չի կարողացել աշխատատեղեր ստեղծել, մարդկանց գոնե հնարավորություն էր տրվում մեկնել արտագնա աշխատանքի»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ այժմ այդ հնարավորությունը վտանգված է։ Բացի այդ, Հայաստանը միլիարդավոր դոլարների գյուղատնտեսական արտադրանք է արտահանում Ռուսաստան, ինչը նույնպես կարող է հարցականի տակ դրվել։
«Հայաստանը միլիարդավոր դոլարներ է արտահանում, մեր ամբողջ գյուղատնտեսական բերքն արտահանվում է։ Ռիսկի տակ են դնում։ Ուղղակի մի քանի նկարի համար այսպես չեն վարվում սեփական ժողովրդի հետ»,- շեշտել է Կարապետյանը։
Անդրադառնալով Վերին Լարսի անցակետի խնդիրներին՝ նա նկատել է, որ Հայաստանը Լարսով դեպի ՌԴ ապրանք արտահանող միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է։ Հետևաբար, Երևանն ունի հնարավորություն անցնել անցակետը և մաքսային ընթացակարգեր իրականացնել երկրի խորքում, քանի որ գտնվում է նույն մաքսային գոտում։ Ըստ նրա՝ Հայաստանը նախկինում նման առաջարկ ստացել է ռուսական կողմից։
«Մենք պետք է այնպես անենք, որ Ռուսաստանը ցանկանա գնել հայկական ապրանքն ու գյուղմթերքը»,- հավելել է քաղաքական գործիչը։
Նրա տվյալներով՝ վերջին 8 տարում Հայաստանի 240 000 հեկտար մշակովի հողատարածքից մշակվում է միայն 200 000՝ իրացման խնդիրների պատճառով։ Նա նաև նշել է, որ Լարսի հարցը փոքր խնդիր է, որը ցանկացած իշխանություն կամքի դրսևորման դեպքում կարող էր լուծել։
Կարապետյանը տեղեկացրել է, որ վերջին 8 տարվա ընթացքում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը քառապատկվել է, մինչդեռ Ֆրանսիայի հետ աճը կազմել է ընդամենը 20%։
Հիշեցնենք, որ ԵՔՀ գագաթնաժողովին Զելենսկուն Երևան հրավիրելը դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը որակել էր որպես «հիմարություն դաշնակցի նկատմամբ» և «սրիկայություն՝ սեփական ժողովրդի հանդեպ»։ Մայիսի 7-ին տված ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ այդ այցից հայերը օգուտ չեն ունենա, քանի որ «Փաշինյանին մնացել է Եվրոպային վաճառել միայն մեկ բան՝ հակառուսական քաղաքականությունը»։
Կարապետյանը հավաստիացրել էր, որ իր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանի ամենազարգացող ու հարուստ երկիրը։ Պատասխանելով ՀՀ-ն «ռուսական գուբերնիայի» վերածելու մեղադրանքներին՝ նա հակադարձել էր, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանը դառնալու է «ադրբեջանական գուբերնիա», քանի որ գործող վարչապետն այժմ էլ, ըստ նրա, հանդես է գալիս «Ադրբեջանի մարզպետի» դերում։
Հունվարին Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։
«Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:
Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







