«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցները բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Armenia Today-ն ուղիղ եթերում լուսաբանել է այն։
Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի և ՀՀ գլխավոր դատախազության մոտ հնչեցրել են «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին» և «Ազատությո՛ւն Հայաստանին» կարգախոսները: Միջոցառումներն ընթանում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցով դատական նիստին ընդառաջ։ Գործարարը գտնվում է տնային կալանքի տակ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանն իր ելույթում հայտարարել է, որ իրենց հետ բերել են հեռախոս, որը մտադիր են նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ այդ հեռախոսից հնարավոր չէ տարածել կեղծ տեղեկատվություն և ատելության խոսք:
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ կապված դատական նիստից սպասելիքների հետ, Միքայելյանը հույս է հայտնել, որ դատավորները կգործեն անկախ: Նրա խոսքով՝ վարչապետը պետք է հայտարարի, որ դատական համակարգը պարտավոր է առաջնորդվել բացառապես օրենքով և հաշվի չառնել իր խոսքերը՝ նկատի ունենալով, որ դատարանը չպետք է կողմնորոշվի ըստ գործադիրի ղեկավարի հնարավոր հայտարարությունների:
«Հույս ունենք՝ այսօր երեկոյան այս հեռախոսով Փաշինյանը լայվ կմտնի ու կասի, որ այսօրվանից սկսած՝ բոլոր դատավորները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում և բանի տեղ չդնեն իր ասածները»,- ասել է Միքայելյանը։
Կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Դավթյանը նշել է, որ Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պայմանավորված է նրա «ազգային դիրքորոշմամբ»: Ըստ նրա՝ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացնում են «ազգային արժեքների և ինքնության հետապնդում»:
Նրա խոսքով՝ ամբողջ կյանքի ընթացքում Կարապետյանն ապացուցել է, որ հայ է՝ իր ամբողջ արյունով, ոսկորներով և էությամբ։
«Կարապետյանի անօրինական հետապնդումը հիմնականում պայմանավորված է նրա ազգային բնավորությամբ»,- հայտարարել է Դավթյանը։
Իսկ Փաշինյանը, իր կարծիքով, դեմ է ազգային արժեքներին և ազգային ինքնությանը։ Կուսակցության ներկայացուցիչը շեշտել է, որ վարչապետը վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար հետապնդում է ազգային արժեքներն ու ինքնությունը և, իր կարծիքով, իրավիճակը հասել է պաշտպանության վերջին գծին։ Դավթյանը օրինակ է բերել իշխանությունների գործողությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Կարապետյանը կալանքի տակ է պահվում, քանի որ իշխանությունները վստահ չեն, որ կարող են ապահովել նրա հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, եթե ազատ արձակվի։
Կուսակցության ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը հայտարարել է, որ Փաշինյանն իր մտավախություններից դրդված՝ շարունակում է կալանքի տակ պահել մարդկանց, այդ թվում՝ Կարապետյանին և հոգևորականության ներկայացուցիչներին: Ըստ նրա՝ իշխանությունների նման գործողությունները հակասում են երկրի զարգացման շահերին: Հովսեփյանն իր ելույթն ավարտել է «Ազատություն» վանկարկումով:
Կուսակցության ներկայացուցիչները հորդորեցին կառավարության անվտանգության աշխատակիցներին մոտենալ ու վերցնել Փաշինյանին բերած նվերը, սակայն չստանալով արձագանք՝ մոտեցան կառավարության մուտքին։
Կառավարության անվտանգությունից ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ կարող են միայն ընդունել ծրարով նամակ, ակցիայի մասնակիիցները հեռախոսը թողեցին մուտքի դռան առաջ ու երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակի հարակից փողոցեր։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Նա փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







