Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ մարտի 8-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով տեղեկություններ իրենց որդիների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ծնողներից Անահիտ Ադոյանը, որի որդին անհետ կորածների թվում է, նշել է, որ իրենք երկու հիմնական հարց ունեն իշխանություններին՝ ո՞ւր են իրենց որդիները և ինչո՞ւ են դատական գործընթացները ձգձգվում։
Նախորդ բողոքի ակցիաների ժամանակ ծնողները հայտնել էին, որ Պաշտպանության նախարարությունից ամեն անգամ նույն պատասխանն են լսում, ըստ որի՝ անհետ կորած զինծառայողների մարմինները, հնարավոր է, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում են, և առանց թույլտվության՝ անհնար է մուտք գործել այնտեղ:
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 2-ի նիստում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, սահմանել անհայտ կորած անձի կարգավիճակը, ինչպես նաև ամրագրել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







