ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված զանգվածային հարվածների և Թեհրանի պատասխան գործողությունների ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին լքել տարածաշրջանը Հայաստանի տսրածքով։
Գերատեսչությունը խորհուրդ է տվել ռուսներին ձեռնպահ մնալ Իրան և Իսրայել մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը, իսկ այնտեղ գտնվողները, հնարավորության դեպքում, պետք է մեկնեն ավելի անվտանգ տարածքներ կամ հարևան երկրներ: Քաղաքացիներին կոչ է արվել պահպանել անվտանգության միջոցները, խուսափել ռազմական և կառավարական օբյեկտներից, մարդաշատ վայրերից և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին։
Հաշվի առնելով Իրանի օդային տարածքի փակ լինելը՝ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցամաքային ճանապարհով հնարավոր է տեղաշարժվել Ադրբեջան՝ Աստարայի անցակետով, կամ Հայաստան՝ Նուրդուզ/Ագարակի սահմանային անցակետով։ Սակայն, Ադրբեջանում գործող կարանտինային ռեժիմի պատճառով, Աստարայով տեղաշարժվելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանությունների նախնական համաձայնությունը, որը տևում է առնվազն մեկ-երկու աշխատանքային օր, ուստի անհրաժեշտ է նախապես դիմում ներկայացնել Թեհրանում ՌԴ դեսպանատուն։
«Դուք կարող եք Իսրայելից դուրս գալ Եգիպտոսով (Մենահեմ Բեգին/Տաբա անցակետ) կամ Հորդանանով (Ալենբի կամուրջ/Արքա Հուսեյն անցակետ)»,- նշված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև «զայրույթ և խորը ափսոսանք» է հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մի քանի իրանցի պաշտոնյայի մահվան առնչությամբ: Մոսկվան դատապարտել է «քաղաքական սպանությունների պրակտիկան և ինքնիշխան պետությունների առաջնորդների որսը»՝ ընդգծելով իրավիճակի անհապաղ թուլացման, ՄԱԿ-ի կանոնադրության և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու անհրաժեշտությունը։
Նախարարությունը նաև նշել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի աճ: Ըստ ստացված հաղորդագրությունների՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը սահմանափակվել էր մարտական գործողությունների պատճառով, ինչը կարող է խաթարել ածխաջրածնային արտահանման գործընթացը և ազդել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Խամենեիի մահը:
Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթերը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







