«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ հայկական ճոպանուղին այս տարի ևս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և ՀԱՀ-ից։ Նախկինում «ՏաԹևեր»-ը հաղթանակ էր բերել Հայաստանին այս անվանակարգում՝ 2024, 2023 և 2021 թվականներին։ Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում World Travel Awards 2025 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։
Այս տարի «ՏաԹևեր»-ը նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր ճոպանուղին դարձել է Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Արցախի նախկին պետնարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր) գրանցված այս նախագիծն առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունը։ Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզ այցելողների զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ:
World Travel Awards-ը համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը։ Այն ամեն տարի ճանաչում և պարգևատրում է համաշխարհային զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում ակնառու նվաճումները։ Մրցանակը հաճախ անվանում են զբոսաշրջային «Օսկար», քանի որ այն շնորհվում է ոլորտի լավագույն նախագծերին՝ կատարելագործման ձգտման, բարձրակարգ սպասարկման և նորարարական մոտեցումների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







