Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք նոյեմբերի լույս 24-ի գիշերը միաժամանակ հայտարարել են, որ երկու երկրի պատվիրակությունների համատեղ ջանքերով Ժնևում կայացած «արդյունավետ բանակցություններում» պատրաստվել է Ուկրաինայում խաղաղության հասնելու նորացված «շրջանակային փաստաթուղթ», գրում է DW-ն:
Համապատասխան համատեղ հայտարարությունը հրապարակել են և՛ Սպիտակ տունը, և՛ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը: Նշվում է, որ երկու կողմն էլ խորհրդատվություններն արդյունավետ են համարել:
«Կողմերը հաստատել են, որ ապագա ցանկացած համաձայնագիր պետք է լիովին հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն և արդար խաղաղություն»,- ասվում է հայտարարության տեքստում:
Փաստաթուղթը դեռ չի հրապարակվել։ Համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են շարունակել ինտենսիվ աշխատանքը փաստաթղթի շուրջ առաջիկա օրերին և սերտորեն համագործակցել եվրոպացի գործընկերների հետ:
Դրանից մի քանի ժամ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահություն էր հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «խաղաղության պլանի» վերամշակված տարբերակն իրագործվելու մեծ ներուժ ունի: Նոյեմբերի 23-ին Ժնևում Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչների և եվրոպական դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո նա լրագրողներին ասել էր, որ բանակցությունները հանգեցրել են «հիմնարար փաստաթղթի» ստեղծման, որն այժմ հիմք կհանդիսանա հետագա աշխատանքի համար: Ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես նշել էր Շվեյցարիայում ամերիկյան ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունավետությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







