ԱՄՆ փոխնախագահը Ջեյ Դի Վենսը նշել է Ուկրաինա-ՌԴ խաղաղության ծրագրի 3 առաջնահերթությունները՝ գրառում կատարելով X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ այս 3 առաջնահերթություններն են՝ դադարեցնել արյունահեղությունը՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Հարկավոր է, որ պայմաններն ընդունելի լինեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի համար։ Երրորդ առաջնահերթությունը պատերազմի վերսկսման ռիսկը նվազագույնի հասցնելն է։
«Խաղաղությունը չի կարող հաստատվել այն երևակայական ընկալմամբ, որ եթե շատ փող ու զենք տանք, Ուկրաինան կհաղթի»,- ընդգծել է նա։
Վենսը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից ուկրաինական կարգավորման ծրագրի քննադատությունը ցույց է տալիս իրականության սխալ ընկալումը։
«Վարչակազմի կողմից մշակվող խաղաղության շրջանակի ցանկացած քննադատություն կամ սխալ է մեկնաբանում այդ շրջանակը, կամ աղավաղում է տեղում առկա որոշ կարևոր իրողություններ»,- գրել է նա։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ խաղաղությունը չի ստեղծվի անհաջող դիվանագետների կամ քաղաքական գործիչների կողմից, որոնք ապրում են երևակայական աշխարհում, այն կարող են ստեղծել իրական աշխարհում ապրող խելացի մարդիկ։
Axios պարբերականը նոյեմբերի 21-ին ներկայացրել էր Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները: Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն ծրագրի իրագործման համար Կիևի համար սեղմ ժամկետներ է սահմանել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագիրը հեռախոսով քննարկել էր Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







