ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը վերջ տալու հնարավորության վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման բաց հատվածում։
«Կարծում եմ՝ ամեն ինչ բավականին լավ է անցել։ Սկսվել է Ալյասկայում։ Մենք այն ժառանգել ենք [նախկին նախագահ Ջո] Բայդենից, բայց կավարտենք այս պատերազմը»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ իր համար պատիվ է հանդիպել «ուժեղ նախագահի, մարդու հետ, ով շատ բանի միջով է անցել»։
«Մենք կխոսենք այն մասին, ինչի մասին երեկ զրուցել եմ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ», — հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ինքն է կարիք ունենում Tomahawk հրթիռների և Կիևին մատակարարվող որոշ այլ զենքերի։
Թրամփը նաև նշել է, որ Բուդապեշտում Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման ձևաչափը դեռ պետք է որոշվի։
«Ես կասեի, որ դա, հավանաբար, երկկողմ հանդիպում կլինի»,- Թրամփի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նախագահը հավելել է, որ Զելենսկին «կապի մեջ կլինի»։
Զելենսկու հետ հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ Նախագահները համաձայնել էին անցկացնել ավագ խորհրդականների հանդիպում (ամերիկյան կողմից պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ), ապա անձամբ հանդիպել Հունգարիայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







