ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտածում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործընթացի վճռական փուլի մեկնարկը հայտարարել, Արագածոտնի թեմում նախօրեին իրականացված քրեական հետապնդումները ստուգողական գործողություններ էին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ զուգահեռաբար Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին հանձնարարել է հարցում անցկացնել բնակիչների շրջանում և իրեն վիճակագրություն ներկայացնել։
Մեխակյանը փորձել է փակել հարցը՝ ասելով, որ մեծ մասը, իր կարծիքով, չի ողջունելու Վեհարանը գրոհելու քայլը, սակայն Փաշինյանը չի նահանջել, նշել է թերթը։
«Իրավունքը» գրել է, որ բերման ենթարկած քահանաներին ոստիկանական բաժիններում փորձել են հավաքագրել։ Նրանց փորձել են համոզել, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի նման ցուցմունքներ տան, բայց հոգևորականներն անկոտրում են մնացել։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Տեր Արամ քահանայի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո: Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, ապա կեղծ որակել նրա հայտարարությունները։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք էր առաջադրվել, նա հոկտեմբերի 16-ին կալանավորվել էր: Դատարանը մեկ ամսով կալանավորել էր նաև Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







