Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գալուզինն ասել է, որ Մոսկվայի առաջարկը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է:
Նա նշել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները»,- նշել է Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 12-ին ասել էր, որ «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) նման նախագծերում տարածաշրջանային խաղացողների (ԱՄՆ-խմբ.) մասնակցությունը պետք է համակցվի հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցության հետ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծը, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







