ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը հրապարակել է Չարեքթարում 2023 թվականի սեպտեմբերի՝ ադրբեջանական վայրագությունների կադրերը։
Նրա խոսքով՝ հատուկ ուսումնասիրությունները նման ապացույցների հիմքով ցույց են տվել, որ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա են ունեցել:
«Առաջնահերթ՝ կտրել են կապը պաշտպանական դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի հայ զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին»,- պատմել է նա:
Նախկին ՄԻՊ-ը նշել է, որ հարձակումներն սկսվել էին սեպտեմբերի 19-ին` ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Նա հիշեցրել է, որ շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու, և շատերը չեն կարողացել գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:
«Ադրբեջանական ԶՈւ-ն անմիջապես ոչնչացրեց քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրեց Արցախի 4 շրջաններն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ: Արգելափակվեցին անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին»,- մանրամասնել է Թաթոյանը:
Նա փաստահավաք տվյալներ է ներկայացրել, որտեղ սեպտեմբերի 20-ի ցերեկային ժամերի հստակ տեսանելիության պայմաններում ադրբեջանցիները թիրախավորել են խաղաղ բնակիչներին ու սպանել, գերեվարել։
Նրա խոսքով՝ նման օրինակները ոչնչացնում են Ադրբեջանի այն թեզերը, թե իրենց գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ չէին։
«Այս ամենի հիմքում էթնիկ հիմքով հայերի նկատմամբ ատելության ու ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականությունն է, որ մշտապես գոյություն է ունեցել: Ադրբեջանական իշխանությունը երբեք չի հրաժարվել դրանից»,- նշել է Թաթոյանը՝ շեշտելով, որ ներկայում զավթողական այս քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ։
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Արցախից վիրավորներով ԿԽՄԿ 23 մեքենայի Լաչինի միջանցքով անցնելու մասին։ Նույն օրն սկսվել էր հանրապետության բնակչության զգալի մասի արտագաղթը։ Հոկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը կազմել էր 100 632 մարդ։
Կարդացեք նաև՝
Արցախը համաշխարհային մամուլի էջերում 2023 թվականին
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







