Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության բանակցություններն «անհրաժեշտություն» են, և առաջիկա օրերին երկու երկրները կարող են անվտանգության և ռազմական ոլորտներում մի քանի համաձայնագիր կնքել, հայտնում է Al Jazeera-ն:
Նա հավելել է, որ հնարավոր համաձայնությունը պետք է հարգի Սիրիայի օդային տարածքը, որն Իսրայելն արդեն մի քանի տարի անընդմեջ խախտում է, ինչպես նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Ալ-Շարաան շեշտել է, որ ցանկացած համաձայնությունը պետք է վերահսկվի Միավորված ազգերի կազմակերպության կողմից։
Սիրիայի նախագահի խոսքով՝ անվտանգության համաձայնությունը կարող է հանգեցնել այլ համաձայնությունների ձեռքբերման, սակայն ներկայումս երկկողմ հարաբերությունների կարգացորման հարց օրակարգում ներառված չէ։
Սիրիան չի կարողացել հետ վերցնել Իսրայելի կողմից 1967 թվականին բռնազավթված Գոլանի բարձունքները։ 1974 թվականի համաձայնության շրջանակներում ստեղծվել էր ապառազմականացված զսպման գոտի, սակայն Իսրայելը խախտել էր համաձայնությունը՝ գոտին և դրա սահմաններից դուրս տարածքները զավթելով նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։
2025 թվականի հուլիսին Իսրայելը նաև հարվածել էր Սիրիայի տարբեր թիրախների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությանը։
Սեպտեմբերի 17-ին հայտնի էր դարձել, որ երկու երկրների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Բաքվում կհանդիպեն՝ բանակցելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







