«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, բացվեց «Արցախի կանչ» հուշակոթողը։ Բացման արարողությունն ուղիղ հեռարձակվեց Armenia Today YouTube ալիքով։
Հուշահամալիրը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, և 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հուշակոթողի բացման համար օրհնության կարգ մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Համալիրը կառուցվել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի ընտանիքի միջոցներով։ Նրա խոսքով՝ չնայած իշխանությունների գործադրած ջանքերին, հուշարձանի կառուցումն ու բացումը կայացան։
«Բանավոր մեզ տեղեկացրել են, որ չգանք, բացումն այսօր չանենք, որից հետո ասել են՝ ուժ ենք կիրառելու։ Հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից, ուղղակի մի փոքր վատություն են արել, լույսերն են անջատել և չեն թողել այստեղ տեղադրել բարձրախոսներ, որ մարդիկ, ծնողները, զոհվածների, ընտանիքի անդամներն իրենց սրտի խոսքը ասեն»,- ասաց նա։
Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն իր ելույթում ասաց, որ «Եռաբլուրում» հանգչող մարդիկ պայքարել և զոհվել են հանուն Արցախի, բայց իրենց հարազատները և հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։
«Ցավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ։ Իրականությունն այն է, որ Արցախը համարվում է թոկ Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը»,- շեշտեց Շահրամանյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ հուշակոթողը դառնալու է նոր սրբավայր ոչ միայն արցախցիների համար, շարունակելու են ավանդույթ դարձած տոնական և հիշատակի օրերին, ինչպես նաև այլ միջոցառումների ժամանակ այցելել հուշակոթող։
«Մտքում պետք է պահենք հավաքական մեր վերադարձի հույսն ու հավատը, և ես համոզված եմ, մի օր դա իրականություն կդառնա»,- հայտարարեց նա։
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը խոսելով հուշակոթողը կառուցելու մտահղացողներին՝ ասաց, որ նրանք ջանք, եռանդ ու սեփական միջոցներ չեն խնայել այդ գործի համար։
«Դուք կառուցել եք սրբավայր՝ սրբավայրում»,- ընդգծեց Ասրյանը՝ շնորհակալություն հայտնելով նրանց։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100,632 քաղաքացի էր հասել ՀՀ։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել էր 218 մարդ, վիրավորվել՝ 120-ը, 21-ն անհետ կորած է համարվում, կա 3 չնույնականացված դի։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







