«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն Armenia Today-ին հայտնել է, որ շարժման ներկայացուցիչներն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ներկայացնելու են շարժման հինգերորդ աշխատանքային խմբի գործունեության իրենց տեսլականը, որը կզբաղվի Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության հարցերով։
«Ինչպես բոլոր հայերը, մենք նույնպես մեր կրոնական կենտրոնի հետ ունենք փոխգործակցություն և փորձում ենք ավելի խորացնել ծրագրերի մշակման էտապում, որպեսզի կարողանանք նոր ծրագրեր իրար հետ մշակել և ներկայացնել մեր հանրությանը, մեր երկրի ապագա տեսլականի մեջ ներառենք»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ շարժման ներկայացումից հետո իրենք առաջարկներ են ստացել բազմաթիվ մասնագետներից, և շարժման ներկայացուցիչները հետևողականորեն հանդիպումներ կունենան նրանց հետ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը, որտեղ ներկայացվել էին շարժման նպատակներն ու աշխատանքի ուղղությունները: Իր ելույթում Կարապետյանն ասել էր, որ շարժումը պետք է դնի ապագա քաղաքական ուժի ծրագրային հիմքը, բայց առայժմ այն ապաքաղաքական կլինի: Շարժումը կաշխատի հինգ ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրը կվերահսկվի իր աշխատանքային խմբի կողմից: Նոր քաղաքական ուժի ծրագրային աշխատանքները կավարտվեն 4-5 ամսվա ընթացքում՝ մինչև տարվա վերջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







