«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերանայման բողոքը Վերաքննիչ ատյանի դատավորին չեն մակագրել, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրած հատուկ վերանայման բողոքում օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս առկա չէ Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը:
Վարդևանյանը հիշեցրել է, որ հունիսի 18-ի կալանքի որոշման դեմ ներկայացվել էր բողոք անմիջապես հաջորդ օրը: 2025 թվականի հունիսի 20-ին արդեն իսկ առկա էր մակագրման տվյալը դատավոր՝ Արմեն Դանիելյանին, այսինքն, նրա խոսքով, 24 ժամվա ընթացքում տեղի էր ունեցել մակագրումը։
«Տվյալ դեպքում նույն մոտեցումը չի պահպանվել, չնայած Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է, ինչ ապօրինի կալանավորված է»,- շեշտել է փաստաբանը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:
2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված Կարապետյանի։ Այնուհետև Կարապետյանն իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։
Կարդացեք նաև՝
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







