«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ Ղազինյանը պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025 թվականի հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։
«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Միքայելյանին։
Ավելի վաղ Ղազինյանը դիմել էր դատարան` իրեն ազատելու հրամանն անվավեր ճանաչելու և պաշտոնավարման վերականգնման պահանջով։ Նրա ազատման դիմումը հուլիսի 21-ին ստորագրել էր ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։ Մինչ հրամանն ստորագրելը՝ Պետրոսյանը լրագրողներին հայտնել էր, որ մտադիր է գործից ազատել Ղազինյանին՝ վստահության բացակայությամբ հիմքով այն բանի համար, որ նա պետականացման գործընթացը գնահատել էր «ապօրինի»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







