ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել սոցկայքում՝ նշելով, որ Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել։
«Լավ անցավ նաև ուշ գիշերային հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Զելենսկու և մի շարք եվրոպացի առաջնորդների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ»,- գրել է նա։
Թրամփը նշել է, որ բոլորը որոշել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու լավագույն միջոցը ուղղակիորեն խաղաղության համաձայնագրի կնքումն է, այլ ոչ թե պարզապես հրադադարի համաձայնագիրը, որը հաճախ չի գործում։
«Զելենսկին երկուշաբթի կեսօրին կժամանի Վաշինգտոն՝ Օվալաձև սենյակ։ Եթե ամեն ինչ լավ ստացվի, մենք այդ ժամանակ կնշանակենք հանդիպում Պուտինի հետ»,- եզրափակել է գրառումը ԱՄՆ նախագահը։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ երկուշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու և քննարկելու պատերազմին վերաբերող հարցեր։
Օգոստոսի 15-ին Ալյասկայում մոտ 3 ժամ բանակցել էին Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել որոշ հարցերում առաջընթաց գրանցելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







