Ռուսաստանը ձեռնպահ է մնում «Թրամփի ուղին՝ խաղաղության և բարեկեցության համար» (TRIPP) նախագծի գնահատականից մինչև դրա բոլոր մանրամասների հրապարակումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ժամանակ։
Նա ասել է, որ Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման ժամանակ պետք է հաշվի առնել ռուս սահմանապահների ներկայությունը։
Դիվանագետը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերը մնում են ուժի մեջ, և որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել դրանցից դուրս գալու մասին։
Նա նաև ասել է, որ Հարավային Կովկասի անվտանգության հարցերով Մոսկվան մշտական կապի մեջ է Իրանի հետ և ուշադիր ուսումնասիրում է Թեհրանի արձագանքը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների՝ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովին, որտեղ իրանական կողմի հայտարարություններում կարելի է նկատել «տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ»։
Ֆադեևի խոսքով՝ տարածաշրջանի խնդիրների օպտիմալ կարգավորումը հնարավոր է Հարավային Կովկասի երկրների կողմից մշակված լուծումների միջոցով՝ իրենց ամենամոտ հարևանների աջակցությամբ.
«Երրորդ կողմ խաղացողների ներգրավումը պետք է միայն նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը, այլ ոչ թե ստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր»,- ասել է նա։
Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Սյունիքով անցնող միջանցքի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, հաշվի է առնում Թեհրանի հիմնական պահանջները։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասաբար անդրադառնալ խաղաղության և կայունության վրա, բայց ընդհանուր առմամբ ողջունել է համաձայնագրի ստորագրումը:
Մինչ այդ, Իրան գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կխոչընդոտի ամերիկյան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, ըստ նրա, կհանգեցնի Հայաստանի «քայքայմանը»:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին՝ Սյունիքը Իրանի վրա հարձակումների հարթակ դառնալու ռիսկերի մասին տարածաշրջանով անցնող ճանապարհը ԱՄՆ-ին վարձակալության տալու դեպքում, ասել էր, որ բացառում է նման ռիսկերը և ընդգծել, որ օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ ստորագրված խաղաղության ցանկության և Սյունիքով անցնող ճանապարհի մասին հռչակագրում ռազմական բաղադրիչ չկա:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







