Վաշինգտոնի պայմանավորվածությունները չեն կարող մոտեցնել խաղաղությունը տարածաշրջանում, իսկ Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը պետք է ներառի Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, հայտարարել են ԱՀ Ազգային Ժողովի խմբակցությունները:
Հայտարարությունը ստորագրել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները՝ ահազանգելով «խաղաղարարության առաքելությունը տապալած դերակատարների պատասխանատվությունը քողարկելու փորձերի մասին» և վերահաստատելով իր հավատարմությունը իրական խաղաղության գաղափարին՝ հիմնված արդարության, իրավունքի և փոխվստահության վրա:
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման հարցում միայն թվացյալ հաջողության պատրանք կարող է առաջացնել միջազգային անվտանգային օրակարգում։
Խմբակցությունները շեշտել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաթեթն անպայման պետք է ներառի.
— Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն իր պատմական հայրենիք և մշտական բնակության վայրեր,
— Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, որն արդեն խիստ վտանգված է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով,
— Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի չլուծված հարցերը:
Խմբակցությունները հիշեցրել են, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ը և ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրները՝ Ֆրանսիան և Ռուսաստանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացրել են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանող կարգավորման բանաձև՝ Մադրիդյան սկզբունքներ անունով, որի առանցքում էին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։
Սակայն 2020 թվականի պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո, փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկելու փոխարեն «ընտրել են «ամենահեշտ» ճանապարհը՝ տարբեր պատրվակներով հրաժարվելով միջնորդ-խաղաղարարի իրենց պարտավորություններից և, փաստացի, քաջալերելով մարդկության դեմ հանցագործությունը՝ անտեսել են» Արդարադատության միջազգային դատարանի՝ իր պատմական հայրենիք անվտանգ և երաշխավորված վերադառնալու Արցախի ժողովրդի իրավունքը վերահաստատող պարտադիր որոշումը:
«Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբը բացահայտում է համանախագահ երկրների վարած արտաքին քաղաքականության ոչ հետևողական լինելը, խաթարում է նրանց հեղինակությունը և ստանձնած պարտավորությունների հանդեպ առաջացնում անվստահություն և փաստում, որ փոքր կամ «նվազ ռազմավարական» տարածաշրջանները շարունակում են որպես մանրադրամ օգտագործվել քաղաքական մեծ խաղերի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից։
Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ դիմում էր հղել ԵԱՀԿ-ին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը (ՄԽ) լուծարելու մասին։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







