«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հանդիպմանը ներկայացրել է շարժման հետագա անելիքները։
Նա ասել է, որ հունիսի 3-ի առավոտյան այցելելու է Քննչական կոմիտե, իսկ պահանջները կներկայացվեն տեղում։
«Այն ինչ տեղի է ունենում այս օրերին, դրանց վերաբերյալ կա՛մ պատասխան կտան, կա;մ մենք ազատ կլինենք գործելու»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ շարժումը նախատեսում է այցելել Լոռու մարզ՝ Վանաձոր, Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս, ինչպես նաև Սյունիքի մարզ։ «Տավուշից սկսած մինչև Մեղրի՝ այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու», — ասել է Տավուշի թեմի առաջնորդը։
Գալստանյանը խոստացել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում շարժումը մանրամասներ կներկայացնի նախատեսվող մեծ հանրահավաքի մասին։ Նա այդ հանրահավաքը որակել է որպես «դեպի հաղթանակ տանող կոնկրետ քայլերի կարևոր հանգրվան»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, հայտնել է, որ այս պահին ձերբակալվածների պահման վայրում գտնվում է 27 քաղաքացի, ովքեր այնտեղ են ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո։
«Եթե մինչև այս կեսգիշեր նրանց չհրավիրեն քննչական գործողություններ կատարելու, կարող ենք 99% վստահություն ունենալ, որ վաղը ազատ կարձակվեն»,- ասել է նա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







