Դատարանը կալանավորել է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանին: Տեղեկությունը տարածել է փաստաբան, Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, որը պաշտպանում է նրա շահերը:
Ներսիսյանը հայտնել է, որ Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է «մանրակրկիտ պարզաբանումներ մեղադրանքի առնչությամբ»:
Ներսիսյանի խոսքով՝ պաշտպանյալը կառավարության «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի որոշման նախագծման փուլում և դրա կատարման ընթացքում բազմիցս գրավոր ու բանավոր կարգով բարձրաձայնել է իր մտահոգություններն ու վեր հանել խնդիրները:
«Մարտիրոսյանը հրավիրել ԱԱԾ, դատախազության և վերադաս պաշտոնատար անձանց ուշադրությունը, իր պաշտոնեական լիազորությունները չի չարաշահել, ավելին, իր ձեռնարկած միջոցներով մշտապես փորձել է նպաստել պետական միջոցների խնայողաբար օգտագործմանը»,- հայտնել է փաստաբանը՝ չբացահայտելով, թե ինչ եղանակով է իր պաշտպանյալը հրավիրել իրավապահների ուշադրությունը:
Ներսիսյանը նշել է, որ բողոքարկելու են Մարտիրոսյանի կալանավորման որոշումը, քանի որ «այն հիմնավոր չէր և նախաքննական մարմնին առաջիկա օրերին ներկայացվելու են նրա անմեղությունը հավաստող մի շարք գրավոր ապացույցներ»:
Փետրվարի 2-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով՝ պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով, ՔԿ-ն հանրային քրեական հետապնդում է հարուցել 7 անձի նկատմամբ։ Նա տեղեկացրել էր, որ 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







