Իզվեստիայում տպագրված «Աշխարհի շուրջ. ինչ են ուտում Սուրբ Ծննդին աշխարհի տարբեր երկրներում» հոդվածի հեղինակ Գեորգի Կեսոյանը խոսել է Սուրբ Ծննդյան տոներին Հայաստանի բնակիչների խոհարարական ավանդույթների մասին։
Մոսկվայի Gayane’s ռեստորանի հիմնադիր, Երևանի Accent by Gayane Breiova ռեստորանի շեֆ-խոհարար Գայանե Բրեյովան անվանել է հայկական ավանդական ամանորյա ուտեստները՝ ձուկ և բրինձ, պատրաստված չամիչով, չրերով և ընկույզով։ Բրեյովան բացատրել է, որ բրինձը խորհրդանշում է ողջ մարդկությունը, իսկ չամիչը՝ ընտրյալներին: «Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի իր պատրաստման բաղադրատոմսը»,- ավելացրել է նա:
«Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի գլխավոր խոհարար Ավետիք Իսախանյանը «Իզվեստիային» ասել է, որ հայկական Սուրբ Ծննդյան սեղանի հիմնական ուտեստը տարեհացն է․ մեծ քաղցր հաց՝ ցորենի ալյուրով, ջրով կամ կաթով, մեղրով, ընկույզով և չրերով։ «Այն թխում էին լոբու հատիկի, կոճակի կամ մետաղադրամի հետ, հետո կտրում էին ըստ տան անդամների թվի։ Ոմանք այն բաժանում էին 12 մասի և դրանցով գուշակում, թե որ ամսից կսկսվի տարվա առատությունը կամ բարեհաջողությունը։ Համարվում էր, որ ով հացի մեջ թաքցրած նշանը գտնի, ողջ տարվա ընթացքում հաջողություն կունենա»,- բացատրել է նա։
Փորձագետի խոսքով՝ 1990-ականներից հետո հայկական Ամանորի և Սուրբ Ծննդյան սեղանները մի փոքր փոխվել են. շատերը սկսել են պատրաստել ավանդական շիշ քյաբաբ, խոզի բուդ, տավարի մսով նրբաբլիթ, խաղողի տերևներով տոլմա, կաղամբով տոլմա: «Այժմ մարդկանց ճաշակն այս առումով է՛լ ավելի է փոխվել, ինչպես հայտնի ուտեստների և խորտիկների մատուցման ձևերն են փոխվել, օրինակ՝ բացի տավարի մսից, սկսել են բլիթներ պատրաստել այլ միջուկներով։ Հայտնի են դարձել կիևյան կոտլետները, իշլի-քյուֆթան և հնդկահավը»,- նշեց Իսախանյանը։
Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին, ապա Հայաստանում ամենատարածված ավանդական աղանդերը գաթան է։ Երկրի յուրաքանչյուր տարածաշրջան այն յուրովի է դարձնում: Իջեւանում բարակ խմորով ու կարագով նազուկ են պատրաստում՝ քիչ քանակությամբ խորիզից պատրաստված քաղցր միջուկով։ Հանրաճանաչ է նաև չոր ընկույզից պատրաստված դելիկատեսը, որը պատված է թելով դոնդողանման զանգվածով։ Հայաստանում այն սովորաբար անվանում են սուջուխ (երբեմն նաև շարոց), իսկ Ռուսաստանում հայտնի է որպես չուրչխելա։
Սուրբ Ծնունդը Հայաստանում նշվում է հունվարի 6-ին։ Այս ավանդույթը պահպանվել է հնագույն ժամանակներից և կապված չէ Գրիգորյան օրացույցին անցման հետ, որը Հայ Առաքելական եկեղեցին իրականացրել է 1923թ.։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







