Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը և Տիգրան Խաչատրյանը (80 կգ):
Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:
Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է: Մրցումները կսկսվեն նոյեմբերի 24-ից: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողությունները, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







