Բացահայտվել է 44-օրյա պատերազմին չմասնակցած բազմաթիվ անձանց պատերազմին մասնակից լինելու, ինչպես նաև պատերազմին մի խումբ անձանց իրական մասնակցության ժամկետից ավելի երկար ժամկետների մասին կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելու և դրանք օգտագործելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանցավոր սխեմա, հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ Կոտայքի մասնաճյուղի ղեկավար և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ նախագահ Կ. Գիլոյանը, շահադիտական նպատակներով 2020թ. դեկտեմբերին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանից և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանից պահանջել է իրեն տրամադրել 2020թ. 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում նրանց ղեկավարած ջոկատների անձնակազմերի, ինչպես նաև նշված գործողություններին չմասնակցած անձանց մասին տվյալներ։ Ի պատասխան՝ նշված անձինք Կ. Գիլոյանին են տրամադրել միայն իրենց հրամանատարությամբ Արցախ մեկնած անձանց տվյալները:
«Կ. Գիլոյանը ներկայացրել է կեղծ տվյալներ, որոնք ներառվել են Արցախի նախագահին 21.12.2020թ. հասցեագրված գրությանը կից ընդհանուր 107 անձանց վերաբերյալ ներկայացված ցուցակում։ Օգտվելով այն հանգամանքից, որ այդ զորամասերից մի քանիսն անցել են թշնամու վերահսկողության տակ՝ պատերազմին մասնակցած անձանց հավելյալ օրերի, այնպես էլ պատերազմին չմասնակցած անձանց մասնակցության և դրա հիման վրա վճարման կեղծ հիմքեր ստեղծելու շուրջ Կ. Գիլոյանը նախնական հանցավոր համաձայություն է ձեռք բերել Վ. Սարգսյանի, իսկ վերջինս նաև Ա. Ավանեսյանի հետ՝ յուրաքանչյուր հավելագրման դիմաց վերջինիս 3000-5000 ՀՀ դրամ վարձատրության պայմանով»,- հայտնում է ՔԿ-ն:
Ստեղծված կեղծ հիմքերի հիման վրա պատերազմին չմասնակցած 21 անձանց և Կ. Գիլոյանին 2021թ. հունվար-հուլիս ամիսներին փոխանցվել է 3.775.836 ՀՀ դրամ գումար։ Իսկ պատերազմին մասնակցած, սակայն մասնակցության օրերը հավելագրված 53 անձի նույն ժամանակահատվածում փոխանցվել է 4.097.479 ՀՀ դրամ գումար․ ընդհանուր՝ 7.875.315 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ. Գիլոյանին, Վ. Սարգսյանին և Ա. Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել: Վ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։ Պետությանը պատճառված 7.875.315 ՀՀ դրամ վնասից 5.207.825 ՀՀ դրամը վերականգնվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







