ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ այդմ՝ առաջարկում է հանրային սննդի օբյեկտներում արգելել աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման:
Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: Առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։
Նախագծի հիմնավորման մեջ պատճառաբանվում է, որ ըստ ԱՀԿ-ի, կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:
Ուսումնասիրությունների արդյունքներով՝ տղամարդկանց 40.3 և կանանց 30.1 տոկոսն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում, իսկ 71 տոկոսը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը։ Հետևաբար, նախագծի նպատակն առողջ սննդակարգի խրախուսումն է։
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերից մեկի` աղի չարաշահման ենթարկվող անձանց թվաքանակի նվազեցում:
Նշենք, որ օրենքն ուժի մեջ է կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







