ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հորդորեց ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորինս քիչ խոսել ԶՈւ ստորաբաժանումների դիրքի, տեղաշարժերի մասին։ Նա ասաց, որ ամբողջ տեղեկատվությունը հնարավոր է գտնել ՊՆ պաշտոնական կայքում։
«Չնայած ադրբեջանական կողմն անընդհատ դիմում է սադրանքի, հայտնում, թե կրակոցներ կան, սակայն, ի ուրախություն մեզ, դուք էլ եք տեսնում, որ վերջին շրջանում հարաբերական կայուն իրավիճակ է»,- ասաց Սարգսյանը։
Խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննության կանչելու մասին՝ Սարգսյանը նշեց, որ զերծ կմնա պարզաբանում տալուց, քանի որ հարցաքննության են կանչվել բազմաթիվ քաղաքացիներ։
«Ցանկալի է՝ տեղեկություն ստանաք նախաքննական մարմից»,- ասաց ՊՆ փոխնախարարը։ Նա ասաց, որ կան կարգավիճակներ, միգուցե մեկի անունը տա՝ պարզվի, որ որպես վկա է կանչվել, թյուրընկալում լինի, թե կասկածյալ կամ մեղադրյալ է։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչով է պայմանավորված ՊՆ-ում կատարվող կադրային փոփոխությունները՝ մասնավորապես ԳՇ պետի տեղակալի և ՊՆ թիկունքի պետի ազատումը, արձագանքեց, որ կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն։
«Ես չեմ կարող գնահատել, թե ում ինչի համար են ազատել։ Կարծում եմ՝ փոփոխությունները նպատակ են հետապնդում, որ աշխատանքն ավելի արդյունավետ դառնա»,- հավելեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԳՇ պետի տեղակալն ու ՊՆ թիկունքի պետն ազատվել էին աշխատանքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







