Ստանում ենք անհանգստացնող տեղեկություններ, որ կորոնավիրուսային վարակը մուտացվում է, և հայտնաբերվում են նոր շտամներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ նոր մուտացիաները նախորդներից տարբերվում են տարածման ակտիվությամբ․ վերջին ենթատեսակը, որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, արդեն անուն ունի՝ «օմիկրոն», և նրա մուտացման աստիճանը մեծ է, այն կրում է 50 մուտացիա, որից 30-ը սպիտակուցին է վերաբերում։ Ավանեսյանը հայտնեց, որ ասուլիսից հետ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կլինի, որտեղ կքննարկեն սահմանափակումների նոր ցուցակը։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ժամանակավորապես Հայաստան մուտքն արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից։
Խոսելով պատվաստումային տեմպերի մասին՝ Ավանեսյանն ասաց, որ դրանք դրական արդյունք են թողնում ընդհանուր համավարակային վիճակի վրա, թեև մտավախություն կա, որ պատվաստանյութը նոր շտամների դեմ պայքարում կարող է վատ ազդեցություն ունենալ։
«Այս պահի դրությամբ 13 562 ակտիվ դեպքից ունենք ընդամենը 1092 պատվաստված քաղաքացի, որը կազմում է ընդամենը 8,1 տոկոսը, հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն է, որ ունեն ամբողջական պատվաստում, որը 3,5 տոկոսն է։ Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ը ունի ամբողջական պատվաստում»,- ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







