Այսօր ունենք ՀՀ բոլոր քաղաքացիներին անվճար պատվաստելու համար բոլոր անհրաժեշտ պատվաստանյութերը։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով լոքդաունի մասին։ Նրա խոսքով՝ կառավարության ռազմավարությունն այնպիսին է, որ լոքդաունի չգնանք, դրա համար պետք է պահպանել պարզ կանոններ՝ դիմակներ կրել և պատվաստումների գնալ։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվաստումների կեղծ վկայականներ տրամադրելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 10 բուժաշխատող, իսկ նրանցից 6-ը ձերբակալվել են։
Փաշինյանը պատվաստանյութի արդյունավետությունը ցույց տվեց իր ընտանիքի օրինակով։ Նրա 14-ամյա դուստրը վարակվել է կորոնավիրուսով, սակայն վարակը պատվաստված ընտանիքի անդամներից ոչ մեկին չի փոխանցվել։
Փաշինյանն ընդգծեց, որ կորոնավիրուսից մահացության դեպքերի աճի համար պատասխանատու են նաև պատվաստումների հակաքարոզչությամբ զբաղվող անձինք։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի 302 450 դեպք, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 2307 նոր դեպք։
6189 մարդ մահացել է հիվանդության բարդություններից, բուժվում է 30 303 մարդ։ Կատարված թեստերի ընդհանուր թիվը կազմել է 2 048 128։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







