Armenia Today-ը շարունակում է ստարտափ-նախագծերի վերաբերյալ հրապարակումների շարքը, որոնք սեպտեմբերի 12-ին Դիլիջանում կայացած Buissup Global Forum-ի հաղթողների շարքում են։ Այս անգամ մեր հյուրը մասնագիտությամբ բժիշկ 23-ամյա Վլադիմիր Գրիգորյանն է, որն այս պահին ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա է անցնում։ Վլադիմիրն ապագա բժիշկ-ռադիոլոգ է։
Վլադիմիրն Armenia Today-ին պատմել է, թե բժիշկների մոտ ինչպես առաջացավ IT ոլորտ՝ «Start up»-ների աշխարհ մուտք գործելու գաղափարը։
«Մինչև Medu.am նախագծի մեկնարկը՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի մեր թիմով գիտաժողովներ էինք կազմակերպում, որտեղ տարբեր մասնագիտությունների բժիշկներ էին գալիս, ստանում էին գիտելիքներ։ Գիտաժողովներին դասախոսությունները կարդում էին արտերկրից հրավիրված պրոֆեսորներ, առաջատար մասնագետներ, իսկ բժիշկները ստանում էին նաև շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։ Դրանք բժիշկներին անհրաժեշտ են լիցենզավորումը շարունակելու համար․ ըստ օրենքի՝ յուրաքանչյուր բժիշկ 5 տարին մեկ անգամ պետք է 220 շարունակական մասնագիտական կրեդիտ հավաքի, որով կհաստատի, որ շարունակում է իր բժշկական գործունեությունը»,- պատմեց Վլադիմիրը՝ նշելով, որ հակառակ դեպքում բժիշկը պետք է 7 շաբաթյա վերապատրաստում անցնի՝ դրա համար վճարելով մեծ ու միանվագ գումար։

Խոսելով արդեն նախագծի ստեղծման մասին՝ նա նշեց․
«Երբ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ եղավ ու արդեն լոքդաուն հայտարարվեց, մեր կազմակերպած գիտաժողովները չեղարկվեցին։ Այդ ժամանակ թիմի մոտ մի միտք ծագեց․ ինչո՞ւ նույն գիտաժողովները չանցկացնել առցանց ու այդ գիտելիքները, նյութերը ևս առցանց չտրամադրել։ Իհարկե, Հայաստանում առցանց գիտաժողովներ լինում էին, օրինակ՝ Zoom հարթակով։ Բայց այդ հարթակները նպատահարմար չէին այնքանով, որ վերահսկման որևէ մեխանիզմ չունեին։ Այսինքն՝ մարդը կարող էր միացնել Zoom-ը, միանար գիտաժողովներին, բայց ուրիշ գործով զբաղվեր ու ոչ ոք չիմանար՝ ինքը լսո՞ւմ է, թե՞ ոչ, թեպետ վերջում կարող էր վերոնշյալ կրեդիտները ստանալ։ Իսկ մենք որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ ձայնագրված կլինեն դասախություններ՝ կրեդիտավորված Առողջապահության նախարարության ու Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։ Այդ հարթակի շնորհիվ բժիշկն իրեն հարմար ժամանակահատվածում հեռախոսով, պլանշետով կամ համակարգչով կարող էր դիտել դասախոսությունները»։
Հարթակը նաև վերահսկման մեխանիզմ ունի․ «Առաջարկեցինք թեստեր հանձնել, 75 տոկոսով ճիշտ հանձնելու դեպքում միայն կկարողանան այդ կրեդիտները ստանալ։ Եթե չեն հաղթահարում շեմը, նորից կարող են դիտել դասախոսությունները»։
Վլադիմիրի խոսքով՝ Medu.am-ը նախատեսված է բժիշկների, բուժքույրերի ու ապագայում նաև բժշկական կրթություն ստացող ուսանողների համար։

«Արդեն հետագայում նախատեսում ենք բաժիններ, որոնք նախատեսված կլինեն բժշկական կրթություն չունեցող մեր քաղաքացիների համար։ Մարդկանց բժշկական գիտելիքները բարձրացնելու նպատակով նրանց համար մատչելի դասախոսություններ կլինեն, որ նրանք շամանների մոտ յախուով չբուժվեն։ Դասախոսությունները չեն լինի մասնագիտական լեզվով, կլինեն մատչելի, ինչը կօգնի մարդկանց հասկանալ՝ երբ պետք է դիմել բժիշկի գանգատների դեպքում»,- ասաց մեր զրուցակիցը։
Բժիշկների նախագիծը Buissup Global Forum-ի 369 մասնակիցներից 7 հաղթողների շարքում է։ Իսկ թե ինչպես որոշեցին մասնակցել Buissup Global Forum-ին՝ Վլադիմիրը նշեց, որ ամեն ինչ պատահական է ստացվել։
«Իրականում մենք մտածում էինք նախագիծը մեր ուժերով հնարավորինս առաջ տանելու մասին, կազմակերպման փորձը ներում էր։ Բայց ֆորումի վերաբերյալ պատահաբար հայտարարություն տեսանք, որին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը շուտով լրանալու էր։ Մի քանի ժամ էր մնացել, ու այդ ընթացքում պատրաստել ենք հայտն ու նախագիծն ուղարկել 23։59-ին։ Ամեն ինչ հանկարծակի է եղել, ու մինչև Դիլիջան գնալը գաղափար էլ չենք ունեցել, թե որքան լուրջ ու լավ նախագծի ենք մասնակցում։ Մենք բժիշկներ ենք՝ ո՛չ «Start up»-ների, ո՛չ բիզնես նախագծերի փորձ չունեինք։ Մեզ համար այդ ամենը նորություն էր։ Ու որպես առաջին փորձ՝ ի շնորհիվ Buissup-ի, մեր մուտքն այդ ոլորտ շատ հաջող եղավ»,- ասաց նա՝ նշելով, որ հնարավորության դեպքում պատրաստվում են նաև այլ ծրագրերի մասնակցել։
Մեր զրուցակիցը նշեց, որ Мedu.am կայքն արդեն պատրաստ է, շուտով համապատասխան հավելված կունենա Android և iOS համակարգերում․
«iOS համակարագում հավելվածը պատրաստ է, Android-ում՝ գրեթե պատրաստ, սպասում ենք App Store-ի հաստատմանը։ Android և iOS համարգերում հավելվածը կօգնի 24-ժամյա հասանելիություն ապահովել բժիշկների համար, որ եթե, օրինակ, բժիշկն այդ պահին համակարգիչ չունի, կարողանա հեռախոսով կամ պլանշետով օգտվել հավելվածից»։

Armenian Business Forum 2021-ի շրջանակներում Buissup Global Forum-ի բոլոր հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Armenian Business Forum 2021-ը տեղի է ունեցել «Tashir group»-ի ֆինանսավորմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






