Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հաստատում է ԱԱԾ հայտարարությունն այն մասին, որ Սյունիքի մարզում գտնվող Փելա սարը չի անցել ադրբեջանական կողմի վերահսկողությանը։
Նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Փելա սար բարձունքը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։
Արման Սարգսյանը վստահեցրեց, որ ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, այդ մասին տեղեկություններ են տրամադրում։
Դիտարկմանը՝ արդյոք հայ զինծառայողները կանգնած են Փելա սարի բարձունքին, փոխնախարարն արձագանքեց․
«Զորքերի, կահավորվածության, դիրքերի քանակի, հեռավորության ու նմանատիպ այլ հարցերը պետական գաղտնիքի մասին օրենքով արգելվում են։ Եթե դրանց մասին տեղեկատվություն չեն տրամադրում, պատկան մարմինները հղում են անում այս օրենքի տարրերին»։
Արման Սարգսյանը զերծ մնաց պատասխանել սահմաններին վերաբերող հարցերին, այդ թվում՝ թե սահմաններում ձմռանն ընդառաջ ինչ ամրաշինական աշխատանքներ են կատարվում։
Նշենք, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել էր, որ Սյունիքի մազի Փելա սարն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հավելենք, որ ավելի վաղ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ էր հայտնել, թե Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց՝ հերքելով տեղեկությունները և նշեց՝ այդ հատվածում դիրքային որևէ փոփոխություն չի եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







