Թուրքիայում շուտով կարող է հայտնվել «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի համարժեքը: Երկրում պատրաստվել է օրինագիծ, ըստ որի`լրացուցիչ պահանջներ կսահմանվեն դրսից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների վրա:
Ըստ DW-ի՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) կողմից մշակված փաստաթղթի նախագծում նշվում է, որ դրսից աջակցվող «տեղեկատվական և հետախուզական գործունեություն» իրականացնող բոլոր կառույցները պետք է Թուրքիայում ունենան «հատուկ կարգավիճակ»: Այս կարգավիճակ ունեցող անհատներն ու կազմակերպությունները պետք է հստակ ճանաչելի լինեն:
Բացի այդ, բոլոր մեդիա ռեսուրսները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանում են արտաքին ֆինանսավորում, պարտավոր կլինեն գրանցելու իրենց ներկայացուցչին, որը Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը պետք է կանոնավոր կերպով զեկույց ներկայացնի ԶԼՄ-ների գործունեության մասին:
Թուրքական ԶԼՄ-ների մոտ 95%-ն այսօր վերահսկվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած կառույցների կողմից: Մնացած անկախ լրատվամիջոցների ճնշումը Թուրքիայում վերջին տարիներին աճել է: Ընդդիմադիր ուժերն իրենց նյութերը հրապարակում են հիմնականում այլընտրանքային հարթակներում, ինչպիսիք են Mediascope-ը, Mezapotamiya News-ը կամ T24-ը:
Արտասահմանյան հարթակներին կամ ԶԼՄ -ներին, որոնք չեն գրանցում իրենց ներկայացուցիչներին Թուրքիայում կամ չեն կապվում Ներքին գործերի նախարարության հետ, կարող է սպառնալ երկուսից հինգ տարի ժամկետով քրեական պատիժ կամ մոտ մեկ միլիոն լիրայի չափի դրամական տուգանք:
Նախագիծը մշակած MHP կուսակցության փոխնախագահ Ֆեթի Յըլդըզը DW-ին տված հարցազրույցում ասել է, որ փաստաթուղթը միայն թափանցիկության մասին է. «Մեր նպատակն է պարզել, թե ով ինչ է անում: Ի վերջո, կան կազմակերպություններ և անհատներ, որոնք միայն գումար են ստանում և խոսքի ազատության քողի տակ ելույթ են ունենում իշխանության դեմ»:
Օրինագիծը չի ազդի միջազգային հեռարձակում իրականացնող խոշոր լրատվամիջոցների վրա, ինչպիսիք են BBC-ն և DW-ն, քանի որ նրանց ֆինանսավորման աղբյուրները հայտնի են և թափանցիկ, վստահեցնում է Յըլդըզը: Բայց կան արտասահմանյան լրատվամիջոցներ, որոնց հետաքրքրում է միայն թուրքական ղեկավարության հասցեին քննադատության տարածումը:
«Մենք փորձում ենք կանխել դա: Խոսքը երկրում մամուլի ազատությունը սահմանափակելու մասին չէ: Մենք դրա հետ կապված խնդիր չունենք», — ասել է նա:
Մինչդեռ Թուրքիայում գործող լրագրողական կազմակերպությունները խոսում են մամուլի ազատությանը սպառնալիքի մասին: «MHP-ի առաջարկն իրական սպառնալիք է լրատվամիջոցների համար: Այս կուսակցությունը ցանկանում է սահմանափակել անկախ լրագրության գոյության համար նախատեսված միջոցները: Բայց մենք դրան դիմակայելու ենք»,- DW- ին ասել է International Press Institute-ի (IPI) թուրք համակարգող Ռենան Աքյավազը:
Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի փոխնախագահ Յուսուֆ Քանլին իր հերթին ասել է. «Այն, ինչ տեղի է ունենում այժմ, դրսից ֆինանսավորում ստացող լրագրողներին խարանելու փորձ է: Սա թեժ թեմա է, այն ոչ մի կապ չունի մամուլի ազատության հետ: Եվ մենք, իհարկե, չենք կարող դրա հետ հաշտվել»:
Թուրքիայում անկախ լրատվամիջոցների վրա ճնշումը վերջին տարիներին աճել է, նշում է DW-ն: Անցյալ տարվա հոկտեմբերից Թուրքիայի կառավարությունը խստացրել է ինտերնետային բովանդակության նկատմամբ վերահսկողությունը 5 651 օրենքի միջոցով: Փաստաթղթի համաձայն՝ իշխանությունները պատվիրել են ինտերնետ հարթակներին, որոնք միլիոնից ավելի օգտատերեր ունեն, ներկայացուցչություններ բացել Թուրքիայում: Եթե դա չանեն, հեռահաղորդակցության օպերատորներն իրավունք ունեն 95%-ով նվազեցնել այդ հարթակներ մուտք գործելու արագությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







