Առաջիկայում Առողջապահության նախարարությունը չպատվաստված քաղաքացիների կորոնավիրուսային բուժման ծախսը կթողնի քաղաքացու ուսերին։ Այս մասին քննարկում է տեղի ունենում Առողջապահության նախարարությունում։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված մեկ անձի բուժման համար ծախսվում է 800 000 դրամ, սակայն եթե հիվանդը վերակենդանացման ենթակա եղավ, ապա այդ թիվը զգալի կավելանա։ Խաչատրյանի խոսքով՝ ոչ միայն դեղորայքն է շատ թանկարժեք, այլև սննդով հիվանդներին ապահովելը։
«Եթե պետությունն առաջարկում է անվճար պատվաստվել, բայց մարդը չի ընդունում հանրային առողջապահական խնդիրը և ընդառաջ չի գնում, ապա մնում է, որ պետությունը հոգա միայն այն մարդկանց ծախսերը, որոնք պատվաստվել են»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը՝ հավելելով, որ հայտնի չէ, թե երբ կընդունվի այս ամենը կյանքի կոչելու որոշումը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված քաղաքացիները այս պահի դրությամբ բուժում են ստանում պետության միջոցների հաշվին:
Նկատենք, որ ԱՆ տվյալներով՝ այս պահին կորոնավիրուսային հիվանդությունից բուժում է ստանում 16 490 մարդ։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիները դեմ են, որ իրենց հարկերով բուժվեն նրանք, ովքեր չեն պատվաստվել ու վարակվել են կորոնավիրուսով։ Իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ համաճարակային վիճակը Հայաստանում լարված է․ կորոնավիրուսային 2446 մահճակալից 2300-ն արդեն իսկ զբաղված է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







