Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ճանապարհների ասֆալտապատման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են սկսվել: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ աշխատանքները տարվում են երրորդ տրանշի շրջանակներում՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհի հատվածներում:
Նշենք, որ այս վայրերում շինարարական աշխատանքները դադարեցվել էին կորոնավիրուսային համաճարակի և կապալառուի ներկայացուցիչների հեռանալու պատճառով:
«Հյուսիս-հարավ» նախագիծը նախատեսված է Իրանի սահմանից Վրաստանի սահման հեռավորությունը նվազեցնելու՝ 556-ից 490 կիլոմետր դարձնելու համար: Ճանապարհը հնարավորություն կտա ապահովել ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար: Նախագիծը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի վարկի միջոցով:
Կես միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ ԱԶԲ-ի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ մայրուղու շինարարությունը պիտի ավարտվեր նախ 2016-ին, ապա 2019-ին, բայց մինչ օրս աշխատանքների միայն մի մասն է ավարտվել, և ծրագրի իրականացման ժամկետները կրկին երկարաձգվել են 5-10 տարով: Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր գնահատականների, նախագիծը գնահատվում է 2 միլիարդ դոլար, չնայած ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել ընդամենը 980 միլիոն դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







