Թուրքը մեր դարավոր թշնամին է, այս հուշակոթողն է ապացույց: Այս մասին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ իմքայլական պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նա ընդգծեց պատմությունից դասեր քաղելու կարևորությունը, որն, ըստ նրա, մեզ անել չի հաջողվել: Խոսելով Ալիևի՝ Զանգեզուրի ադրբեջանական լինելու հայտարարությունից՝ Միքայելյանն ասաց.
«Ալիևը հոխորտում է, դրա համար էլ հայ ժողովուրդը պետք է համախմբված լինի, պետք է միշտ պատրաստ լինենք ու ինչքան կարող ենք՝ բանակը հզորացնենք: Երկրապահն այսօր կանգնած է բանակի կողքին, երկրապահը մինչև այսօր սահմանին է»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Պատգամավորը ցավ է ապրում, որ գոյապայքարն Արցախյան առաջին պատերազմով չավարտվեց ու ապագա սերունդներին էլ բաժին հասավ: Կարծում է, որ պետք է չհասնեինք սրան՝ քաղաքական գործիչների վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ: Ստեղծված իրավիճակում արդեն պարտավոր ենք համախմբվել, իսկ ներքաղաքական կյանքում ստեղծված քաոսը հաղթահարելու համար պետք է «խելոք մտածել ու որոշում կայացնել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







