Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը։ ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանն առաջարկում են խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 112 կողմ ձայն։
Գործող օրենքով պետական դավաճանության մասին հոդվածը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն էլ առաջարկում են այն փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Lրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:
Ըստ նախագծի հեղինակների՝ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ նկատել են, որ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր:
Նրանք կարծում են, որ պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի համար պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայել գործող օրենքի կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







