Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ պետք է գնահատել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ներուժը, թույլ չտալ որևէ մեկուսացում:
«Մենք պետք է փոքր տարիքից դաունի համախտանիշով երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, նրանց համար ապահովենք արժանապատիվ ապրելու պայմաններ, որպեսզի կյանքում չբախվեն խարանի ու խտրականության:
Պետությունը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները հաշմանդամություն ու նաև իհարկե` դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ. լիարժեք երաշխավորի երեխայի` ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու և այլ իրավունքներ։
Անհրաժեշտ է ընդլայնել համայնքահեն ծառայությունների ու հմտությունների զարգացման ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել դաունի համախտանիշ ունեցող և, առհասարակ, հաշմանդամություն ունեցող մարդկանց ինքնուրույնությունը, նրանց զարգացման հնարավորությունները։
Պետք է իրականացնել լայնածավալ իրազեկման ծրագրեր` կոտրելու համար բոլոր կարծրատիպերը: Մենք պետք է համատեղ ջանքներով ստեղծենք ներառական հասարակություն, ներառական այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում է յուրաքանչյուր մարդու արժանապատվություն` անկախ հաշմանդամությունից ու առկա է որոշումների կայացմանը երաշխավորված մասնակցություն»,-նշել է ՄԻՊ-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







