Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները։
Ըստ նախագծի` որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ կնախատեսվի իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը:
Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են ժամկետները:
Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից՝ տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանությանը մասնակից դատավորիների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավորների թվից՝ հաշվի առնելով նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացք ապահովելու հմտությունները: Ըստ առաջարկի՝ ԲԴԽ-ն ընտրելու է չափորոշիչներին համապատասխանող երեք դատավորների, որոնց միջև տվյալ առանձնակի բարդության գործերը բաշխելու է՝ ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 81 «կողմ», 15 «դեմ» ձայներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







