Մարտի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
«Փոխվարչապետն ընդգծել է հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և արտահայտել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ բարձրացնել դրանք նոր և հավակնոտ մակարդակի:
Կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները: Նկատի ունենալով Հայաստանում Իրանից մինչև Վրաստան ձգվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ծրագիրն ու երկաթուղային հաղորդակցությունների բացման հնարավորությունը՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հնդկաստանը կարող է Հայաստանին դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի Ռուսաստան և Եվրոպա:
Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետը նկատել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է լինի համալիր և ամբողջական, որը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման վրա: Այս համատեքստում կարևորվել է Հնդկաստանի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ բանակցությունների միջոցով:
Տիգրան Ավինյանը միաժամանակ առանձնացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ առանց նախապայմանների և շուտափույթ վերադարձի հարցը:
Զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության բնագավառում առկա փոխգործակցությանն ու դրա խորացման և ընդլայնման հնարավորություններին»,-նշվել է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







