Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Մորտոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ:
ԱԳ նախարարն, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հարադադարի հաստատման մասին ձեռքբերված պայմանավորվածությանը, նշեց, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը, հրաժարվել է ստանձնած պարտավորություններից և շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ:
Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







