ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համար Սահմանադրական դատարանի դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել՝ մանրամասն հետևելու գործընթացին:
Այս մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների նշանակման գործընթացի անկախ գնահատման կարևորության մասին և այն մասին, թե ինչպես կարող են երկու հաստատությունները համատեղ աշխատել գործընթացին հետևելու հարցում: Քննարկումների ընթացքում նշվել է, որ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն գնահատման հարցում և կպատրաստի իրավական վերլուծություն դատավորների նշանակումը կարգավորող օրենսդրության վերաբերելի միջազգային չափանիշների, պարտավորությունների ու առաջատար փորձի վերաբերյալ:
Գնահատման նպատակն է իրականացնել գործընթացի անկախ և անաչառ ուսումնասիրություն՝ դատական իշխանության անկախության նկատմամբ հանրային վստահության ձևավորման տեսանկյունից։ Ուշադրություն կդարձվի դատավորների նշանակման հարցերը կարգավորող իրավական ակտերին ու ընթացակարգերին, այդ ընթացակարգերի գործադրմանն ու գործընթացի թափանցիկությանը:
Երկու հաստատությունները համատեղ նշել են, որ դատավորների նշանակման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ է թափանցիկությունը, ուստի Խորհրդարանը պետք է ապահովի, որպեսզի գործընթացի բոլոր փուլերը լինեն հնարավորինս թափանցիկ: Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կարող է ամրապնդվել թափանցիկ գործընթացների միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







