«Ժամանակ» օրաթերթ.
- Թերթի փոխանցմամբ՝ կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը: «Այդ ցանկը համալրվելու է տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով և ապրանքներով, ինչից տպավորություն է, որ փոփոխությունը իրականացվում է մեկ կոնկրետ գործարարի բիզնես գործունեությանը աջակցելու համար: Օրենքի ընդունման դեպքում ԱԱՀ-ով չեն հարկվի նաև գիտահետազոտական նպատակների համար ներմուծվող միջատները: Սա էլ, թերևս, արվել է վերոնշյալ մտքից ուշադրությունը շեղելու համար»,-գրում է թերթը։
- Թերթի փոխանցմամբ՝ գործող իշխանության և Հայ ազգային կոնգրեսի հարաբերությունները այն աստիճան են սրվել, որ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս արմատական ընդդիմության դիրքերից: Սակայն, ի տարբերություն այլ ընդդիմադիրների, Կոնգրեսը դժգոհ է գործող իշխանության խիստ «թավշյա» պահվածքից՝ համարելով, որ գործող իշխանությունը պետք է ավելի կոշտ միջոցներ կիրառի երկրում օրինականության վերականգնման համար:
- «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից մեծ հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությունը հիմնված է այսպես կոչված՝ սոցիոլոգիական հարցումների վրա, ըստ որոնց՝ իշխանությունը ունի ընդամենը 20 տոկոս աջակցություն: Ըստ թերթի՝ խնդիրը միայն այն է, որ այդ հարցումները պատվիրվել են նույն ԲՀԿ նախագահի կողմից, ինչն էլ կանխորոշել է դրանց արդյունքները:
«Ժողովուրդ» օրաթերթ
- «Չնայած նախատեսվում էր Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դրա քննարկումը մի փոքր ձգձգվում է: Ըստ թերթի՝ բանն այն է, որ թեեւ հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչեւ այժմ եզրակացությունը եւ փաստաթուղթը պատրաստ չեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ տեղի չի ունեցել, որի ժամանակ էլ պետք է ամփոփումները կատարվեին: Թերթի տեղեկություններով՝ վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ:
- «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացառիկ եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի անցյալի, կատարած աշխատանքի վերաբերյալ: Մասնավորապես, թերթի տեղեկություններով` հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունում նշվում է, թե Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել Հայաստանը:
«Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեծ գումարներ է պարտագրել վճարել, եւ վճիռների զգալի մասը քննվել է հենց Խունդկարյանի կողմից: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը ծանր կացության մեջ է. այդ պայմաններում ինչպե՞ս քվեարկել Խունդկարյանի օգտնին»,-գրում է թերթը։
Ըստ թերթի՝ մի բան հիմա պարզ է. այժմ քննարկումներ են ընթանում, որ գոնե երեք թեկնածուներից մեկին` էդգար Շաթիրյանին, խորհրդարանն ընտրի որպես ՍԴ դատավոր, որը համեմատաբար անվիճելի անցյալ ունի, թեեւ նրա մասով էլ հիշատակվում է քեռին, որը ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Մեծ հաշվով անբիծ կենսագրություն ունեցող իրավաբան-գիտնականի խնդիր կա երկրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







