ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում, որտեղ կազմակերպված հարսանիքին մասնակցել է 120 անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել թիրախային:
«Օրերս ՍԱՏՄ-ն ահազանգ էր ստացել քաղաքացուց առ այն, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք, որին մասնակցելու է 120 անձ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի: Արդյունքում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն: Իրավիճակին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը՝ տնտեսավարողին ենթարկելով վարչական պատախանատվության, իսկ հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







