Միջազգային ճամփորդությունների վրա դրված արգելքը չի կարող ուժի մեջ մնալ անժամկետ, պետք է ավելին արվի երկրների միջև սահմանին կորոնավիրուսի տարածման հնարավորությունը կրճատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Վերջին օրերին որոշ երկրներում նորից ուժի մեջ մտան ճամփորդությունների նկատմամբ խստացումներ: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան մեծ վտանգի տակ դրեց զբոսաշրջության ճյուղը վերաբացելու Եվրոպական միության ջանքերը, երբ հրահանգեց կիրառել կարանտինի տակ պահել Իսպանիայից վերադարձող անձանց:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը մեկ անգամ ևս հայտարարում է, որ պաշտպանիչ գլխավոր միջոցառումների իրականացման դեպքում է միայն հնարավոր կասեցնել համաճարակի տարածումը: Իսկ այդ պահանջներից գլխավորներն են դիմակ կրելը և մարդաշատ հավաքներից խուսափելը, ասում է նա:
«Գրեթե անհնար է պատկերացնել, որ առանձին երկրներ կարող են իրենց սահմաններն անորոշ ժամանակով փակ պահել: Տնտեսությունները պետք է վերաբացվեն, մարդիկ պիտի աշխատեն, առևտուրը պիտի վերսկսվի»,- ասում է կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Մայք Ռայընը:
Ըստ Ռայընի՝ իրավիճակն Իսպանիայում այսօր շատ հեռու է այն ծանր իրավիճակից, որն առկա էր համավարակի տարածման սկզբնական փուլում: Նա վստահ է, որ այս երկրում տեղ-տեղ նկատվող բռնկումները շուտով կվերահսկվեն: Սակայն դեռ երկար օրեր կամ շաբաթներ են հարկավոր հիվանդության ապագան կանխատեսելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







