Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր է հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցվում է նորագույն սարքավորումներով: Վիրահատական բաժանմունքի համար գնվել է ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարվում են բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները, մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք է բերվել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի իրականացնել նաև COVID-19 — ով հիվանդների արյան ընդհանուր քննություն։ Սարքավորումների ձեռքբերման համար ԲԿ-ի տնտեսված միջոցներից ծախսվել է 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին: Լիահույս եմ, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը»,- գրել է Սանոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







