Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին: Այդ համատեքստում նշվել է, որ նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու նոր առաջընթացին:
Կառավարության ղեկավարը հանձանարարել է սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներն ու քայլերը:
«Տնտեսական աճի վերականգնմանը միտված այս նախագիծն անհրաժեշտ է քննարկել նաև իրական հատվածի ներկայացուցիչների հետ, ակտիվ շփումների միջոցով ստանալ նրանց առաջարկություններն ու գաղափարները՝ նախագիծը դրանցով լրամշակելու համար»,- նշել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







