ՀՀ-ի դեմ լայնածավալ գործողությունների նպատակ միգուցե հակառակորդն ունի, բայց լայնածավալ ռազմական գործողություններ ծրագրելու մասին հայտարարությունը, կարծում եմ, մի փոքր վաղաժամ է։ Այս մասին Իրջանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե որքան մեծ է այսօր կտրուկ էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով որոշ փորձագետների կարծիքն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ Նախիջևանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ են ծրագրում։
«Ամեն դեպքում, ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է ՀՀ ողջ սահամանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»,- ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով չմիավորված բյուրոյի տարածած հայտարարությանը, որով Հայաստանին մեղադրում են ռազմական գործողություններ սկսելու մեջ, Հովհաննիսյանը նշեց, որ այդ բյուրոն առաջինը չէ, որ ՀՀ-ին մեղադրում է ռազմական գործողություններ սկսելու մեջ։
«Ադրբեջանի դաշնակից որոշ պետությունների կողմից նման հայտարարություններ էլի հնչել են, այնպես որ, չեմ կարծում՝ պետք է ամեն ինչի արձագանքենք։ Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ քաղաքակիրթ պետությունների մեծ մասը իրավիճակին ավելի սթափ ու ավելի ճիշտ գանահատական է տվել՝ Ադրբեջանին մեղադրելով խաղաղ բնակչությանը հրետակոծելու մեջ»,- ասաց Հովհաննիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







