Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի առավոտյան գնդակոծությունների հիմնական թիրախը Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես գյուղերն են և Բերդ քաղաքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Չոբանյանը նշեց, որ այս պահի դրությամբ հարաբերական անդորր է։
«Գնդակոծության հետևանքով վնասվել է ավելի քան 10 տուն, ինչպես նաև ենթակառուցվածքներ, ինչպես նաև Այգեպար գյուղում գնդակոծվել է մանկապարտեզը: Մոբիլիզացվել են քաղաքացիական պաշտպանության բոլոր խմբերը, որոնք շարունակական աշխատանք են տանում բնակչության պաշտպանության ուղղությամբ։ Հայտարարվել է նաև ներքին մոբիլիզացիա պատսպարման առումով։
Քաղաքացիները գնդակոծությունների ընթացքում գտնվել են թաքստոցներում և նկուղներում, խաղաղ բնակչության շրջանում չկան վիրավորներ և զոհեր»,- ասաց Չոբանյանը։
Մարզպետը տեղեկացրեց, որ կառավարության հետ համագործակցությամբ այսօր ստեղծվել է հանձնաժողով, որը կզբաղվի ենթակառուցվածքների վնասված օբյեկտների հաշվարկով և դրանց վերականգնմամբ։
Նա ընդգծել է, որ տուժած բնակարանը կվերանորոգվի, իսկ ում տները պիտանի չեն վերանորոգման, նրանց համար սեղմ ժամկետում նոր բնակարան կկառուցվի:
Այս կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ զսպվածության ու ըմբռնման համար և կոչ արել նրանց չիջեցնել զգոնությունը՝ նշելով, որ խուճապ չկա։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել էին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը։
Հայկական կողմից պատասխան կրակից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, վերադարձել է իր դիրքեր։ Հաջորդ առավոտյան ադրբեջանական զինուժը վերսկսել է հայկական դիրքերի գնդակոծությունը։ Գնդակոծության տակ են հայտնվել նաև մի շարք սահմանամերձ հայկական գյուղեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







